ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ամերիկայի հայ դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում` ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ն։
ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Նշվել է, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայկական քաղաքականության դրսևորումներ էին։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։