ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին քննարկել են երկու երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ցանկանում են խորացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Խաչատուրյանը կարևորել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Դեսպանն իր հերթին նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի հուլիսի 8-ին։ 2018 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհը: