Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 28-29-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունները կհանդիպեն Գերմանիայում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կլինեն, սակայն չէր նշել` երբ և որտեղ։
«Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության»,– գրել է Բադալյանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։