Արա Զոհրաբյանը մի շարք ծնողների հետ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ–ի դեմ

Արա Զոհրաբյան
Հայցով պահանջվում է անվավեր ճանաչել Ժաննա Անդրեասյանի հրամանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Փաստաբան Արա Զոհրաբյանը 7–րդ դասարանի երեխաների ծնողների հետ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող, Ս. Հովհաննիսյանի հեղինակած 7–րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023 թ. հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,– գրել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում այս թեմայով։