ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 20-ին լուր տարածվեց, որ կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ, ավելի ուշ ՔԿ–ն տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Տեսանկարահանող սարքերի արձանագրած նյութերն ուսումնասիրելու և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարած անձը Երևանի 23-ամյա բնակիչ է։ Նա փետրվարի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, իր վարած «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան կայանել է թաղապետարանի շենքի հետնամասում, մեքենայի ուղևորի հետ քայլել մոտակա զինվորական պարագաների խանութ, ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար գնել թվով 3 հատ գազի գլանակ։
Վերադարձել է ավտոմեքենայի մոտ, մինչև նստելը կրակոցներ արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, հետո այնուհետև նստելով ավտոմեքենան` վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։
Փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։ Միջնորդությունը բավարարվել է:
Երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել:
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ ավտոմեքենայում՝ դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով։ Նշանակվել է փորձաքննություն։
Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։