ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը հրապարակել է նաև ադրբեջանական դիրքի կոորդինատները, որտեղից կրակ է արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ–ն միաժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զուգահեռ հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե ժամը 12:45-ի սահմաններում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ն շեշտել է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք` փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել: