ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
«Մոտ 300 բեռնատար ունենք ՀՀ-ՌԴ ուղղությամբ ճանապարհին, մոտ նույն քանակությամբ` հակառակ ուղղությամբ»,– ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: