Սաակաշվիլու ծանր վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին․ Վրաստանի վարչապետ

Սաակաշվիլին այլևս քաշի խնդիր չունի և հայտարարել է քաղաքականությանն ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ծանր առողջական վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի հարցին, մենք հիշում ենք, որ երկու տարի շարունակ սպեկուլյատիվ արշավ էր ընթանում այն մասին, թե իբր նրա վիճակը ծանր էր և մահացու ելքի վտանգ կա։ Արդյունքում պարզվեց, որ դրանք շահարկումներ էին, ստեր։ Այսօր մենք տեսնում ենք, որ նա վերսկսել է բարձր կալորիականությամբ սննդի ընդունումը։ Հետևաբար, քաշի հետ կապված խնդիրներ այլևս չկան, և նա հայտարարել է քաղաքականությանն ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին»,-հայտարարել է Կոբախիձեն։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նա ներգրավված է մի քանի քրեական գործում։ Քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլուն դատապարտել են 3 տարվա, երկրորդում՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, նա մեղադրվում է 2007թ.-ի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման, պետբյուջեի միջոցների հափշտակման և սահմանն ապօրինի հատելու համար։ Դատարանները դեռ քննում են այդ գործերը։
Բժիշկը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը կրիտիկական է
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում, նա պատիժը կկրի սահմանված ամբողջ ժամկետով: Ներկայում Սաակաշվիլին բուժվում է Թբիլիսիի կլինիկայում, որտեղ հայտնվել է երկարատև հացադուլից հետո։ Իր դատավարություններին նա երբեմն միանում է հեռակա՝ ուղիղ եթերով։