ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Օմանի սուլթանության մասնագետները մասնակցում են Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում գտնվող հայկական կալվածքների վերականգնմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ բեն Հասան Ալ Մուսավին:
«Մենք հիմա ակտիվորեն վերականգնում ենք Սիրիայի հյուսիսում՝ հին Հալեպի հայկական թաղամասում գտնվող երկու հին հուշարձան․ Բեյթ Աջաքբաշ կալվածքը և Դար Գազզալիա դաստակերտը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Մենք նաև սկսել ենք Հալեպի միջնաբերդում գտնվող Օմայաների մզկիթի վերականգնման աշխատանքները, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների շարքում է»,-նշել է նա։
Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ սուլթանությունը Սիրիայի հետ մշակութային ոլորտում համագործակցությունը ռազմավարական ուղղություն է համարում:
«Սա համամարդկային պատմության մի մասն է, և չի կարելի կրկնել Իրաքի տխուր փորձը։ Իրաքի հետ մենք չենք համագործակցում, որովհետև այնտեղ աշխատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արևմտյան երկրները, ֆինանսավորում կա, իսկ Սիրիայում ոչ ոք պատրաստ չէ աշխատել։ Այդ պատճառով մենք վերջին մի քանի տարիներին հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիային»,-եզրափակել է Ալ Մուսավին։
Օմանի սուլթանությունը, որը երեք հազար տարի առաջ Սաբեյան Թագավորության մաս է կազմել, Մերձավոր Արևելքում հայտնի է որպես տարածաշրջանի հակամարտություններում «սուսուփուս», բայց արդյունավետ միջնորդ: Երկիրը վաղուց տարածաշրջանային քաղաքականության անկախ խաղացողի համբավ ունի։