ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նախորդ տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։
Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ։
Գալուստ Գրիգորյանը՝ ներկայացուցչի միջոցով, գլխավոր դատախազությանն է ներկայացրել հայցի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկ:
«Վերոնշյալ առաջարկի հիման վրա գլխավոր դատախազության և պատասխանողի ներկայացուցչի միջև 2024 թվականի փետրվարի 21-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր հայցագնի 76,93 տոկոսը»,- տեղեկացնում են դատախազությունից։
Նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։