ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։
Նշենք, որ փետրվարի 23-ին կայացած նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանը բացակայում էր, քանի որ ի վիճակի չի եղել ներկա գտնվել դատական նիստին ու միջնորդությունն այդ պայմաններում է քննվել։
Հիշեցնենք` նախորդ տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։
Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 9-ին։