Բավրայի մաքսակետով ավելի քան 2 կգ ոսկե ձուլակտորներ տեղափոխելու դեպք է բացահայտվել

Ոսկե ձուլակտորներ
ՊԵԿ–ը Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաներից մեկի զննությունից հետո է բացահայտել ոսկե ձուլակտրոների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Բավրայի մաքսային կետ–բաժնում կանխել է չհայտարարագրված ոսկե ձուլակտրոների խոշոր խմբաքանակի տեղափոխումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Հայաստանից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությամբ պարզվել է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ մաքսակետի ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից են տեղեկություններ ստացել։
Այսօր առավոտյան էլ վրացական կողմը հայտնել էր, որ հայ-վրացական սահմանին` «Սադախլո» անցակետում, 1 735 գրամ քաշով ոսկյա զարդերի ապօրինի ներկրում է կասեցվել, 1 անձ է ձերբակալվել։