«Բաստիոնները» շուտով Հայաստան կհասնեն․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ Անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների վաճառքին՝ նախարարը շեշտեց՝ բոլորն էլ պաշտպանական նշանակության են։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարեց Լըկորնյուն։
Նախարարը նաև հավելեց, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։
«Սա է նշանակում լինել հավատարիմ և վստահելի գործընկեր, երբ խոսքը վերաբերում է տվյալ երկրի սուվերենությանը»,- շեշտեց Լըկորնյուն։
Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ Պապիկյան
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։
«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելում Հայաստան։
Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
ՊՆ վարչական համալիրում փետրվարի 23–ին տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։