ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի մրցման եզրափակիչ փուլ։
Երկրորդ փուլն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում օղակների վարժության եզրափակիչ դուրս են եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Նժույգ–թափեր վարժությունում էլ որակավորման փուլն անցել է Գագիկ Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը մեկնարկել է փետրվարի 22-ին և տևելու է մինչև փետրվարի 25-ը։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը։
Ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկ վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: