Փուչիկներ, զուռնա–դհոլ. «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են չեմպիոն ծանրամարտիկներին

Sputnik
«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր զուռնա-դհոլով, երգ ու պարով դիմավորել են մեր չեմպիոն ծանրամարտիկներին։ Նրանք վերադառնում էին Բուլղարիայից, որտեղ անցկացվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։
Նշենք, որ փետրվարի 20–ին Սոֆիայում գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 437 կգ արդյունքով՝ փոխչեմպիոնի կոչումը։
Դրանից առաջ` փետրվարի 18–ին, Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը մեր հավաքականին բերեցին 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը` փոխչեմպիոն։ Իսկ արդեն փետրվարի 19–ին Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը՝ 394 կդ արդյունքով` բրոնզե մեդալակիր։
Կանանց հավաքականից Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը 227 կգ-ով զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։
Հավելենք, որ ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը (26 մեդալ, որոնցից 11- ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ)։