ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
Ֆրանսիայի կառավարության ղեկավարը ամփոփել է հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծիքների փոխանակման համար, որոնք, ըստ նրա, վերահաստատել են երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:
«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ ենթակառուցվածքների զանգացման, Էներգետիկայի, կրթության, մշակույթի ոլորտներում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը մասնակցելու նպատակով:
Մինչ արարողությանը մասնակցելը ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ ճեպազրույց և առանձնազրույց է ունեցել։