ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արևի վրա այսօր X դասի երկու հզոր բռնկում է տեղի ունեցել։ Նման երևույթ վերջին անգամ դիտվել է 2017 թվականին։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում։
«Առաջին բռնկումը գրանցվել է գիշերը` Մոսկվայի ժամանակով 02:17–ին։ Երկրորդ բռնկումը տեղի է ունեցել առավոտյան 9-ի և 10-ի միջակայքում և շարունակել է զարգանալ կեսօրի դրությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին անգամ Արևի վրա երկու հզոր բռնկում է եղել 2017 թվականի սեպտեմբերին։ Նման հզորության բռնկումները սպառում են արևային էներգիայի պաշարները, և սովորաբար զգալի ժամանակ է պահանջվում դրանց վերականգնման համար։
«Այն փաստը, որ աստղը կարող է իրար հաջորդող նման հզորության երկու բռնկում ունենալ, խոսում է այն մասին, որ Արևը ծայրահեղ բարձր ակտիվության վիճակի է անցնում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով` արտանետված պլազմային ամպերն անցնում են Երկիր մոլորակի կողքով, թեև բավական մոտ հեռավորության վրա։ Մեր մոլորակն ընդհանուր առմամբ դեռ կարողանում է հաջողությամբ «պաշտպանվել» արևային հարվածներից։ Այս տարվա ընթացքում Արևի վրա արդեն մեծ ուժգնության 5 բռնկում է գրանցվել, և բոլոր դեպքերում էլ` Արև–Երկիր գծից բավական մեծ հեռավորության վրա։ Առայժմ գեոմագնիսական և տեխնոլոգիական հետևանքները նվազագույն են եղել: