Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել Հայաստանի պահանջով. ԶԼՄ

Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա հնարավոր է` մասնակցել է Լեռնային Ղարաբաղում հայ խաղաղ բնակչի մահապատժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալլին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,– ասել է Զեյնալլին՝ նշելով, որ վաղը կանգնելու է ռուսական դատարանի առջև:
Զեյնալլին տեսանյութ է հրապարակել սոցցանցում, որով հայտնել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք:
Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանները հայտնել են, որ նա կարող է փոխանցվել Հայաստանին։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ նա մասնակցել է Լեռնային Ղարաբաղում տարեց հայ խաղաղ բնակչի մահապատժին։
ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ձերբակալման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունեն։