ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է։
«Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները, որոնք ըստ էության նոր են, էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` այս համատեքստում կան քննադատություններ, բայց Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։
Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա»,–ասաց նա։
Անդրադառնալով 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այնտեղ տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներն են դրվել։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներին հավատարիմ մնալու դեպքում խաղաղությունը հասանելի է։
Փաշինյանը Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։
Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարեց, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն Փարիզում փաստաթղթեր ստորագրեցին։
Ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների` Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։