ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարվածը։ Մակրոնն այս մասին հայտարարել է Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ։
«Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12–ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչն ընդունել է նաև Հայաստանի իշխանությունը, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»,– ասել է նա։
Մակրոնի խոսքով` Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ էսկալացիայի վտանգն իրական է։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային իրավունքի հիման վրա խաղաղության հասնելու ջանքերը՝ հաշվի առնելով ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:
«Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը` երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական ընթացքին և նրա խաղաղության ձգտումներին»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և քարտեզներին, ապա, ըստ Մակրոնի, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանին ուժերի երկուստեք հետքաշման համար։
Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորինս շուտ իրենց տներ վերադառնալու իրավունք ստանան, ընդ որում ՝ անարգել և անվտանգ։
Հիշեցնենք` Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։