ՀՀ ՊԵԿ–ն ընդառաջ է գնում արտագնա աշխատանքի մեկնողներին. օրենսդրական փոփոխություններ կլինեն

Ռուստամ Բադասյանը նշեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումներ են անցկացնում որոշակի արտոնություններ սահմանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊԵԿ–ն ընդառաջ է գնում արտագնա աշխատանքի մեկնողներին և խոստանում օրենսդրական փոփոխություններ կատարել։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտագնա աշխատանքի մեկնողներն այսօր փակել են Երևան–Մարտունի ճանապարհը` բողոքելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։
«Արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվել։ Ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների գծով որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխություններ։ Այդ մասով ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատում ենք հիմա։ Հետևաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, ինչ–որ քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Կքննարկենք ու արդյունքների մասով կտեղեկացնենք»,– վստահեցրեց Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ եկամտահարկի տարբերության վճարման համակարգը ներառված է «ՀՀ հարկային օրենսգրքում», և այն ուժի մեջ է մտել 2018 թ–ին, իսկ ԱՊՀ երկրների` 2020 թ–ին ստորագրված համաձայնագիրը` հարկային մարմինների տվյալների փոխանակման մասին, ուժի մեջ է մտել 2021–ին։ Ըստ այդ համաձայնագրի` ՀՀ ՊԵԿ–ը միայն 2023 թվականին է ստացել 2022 թվականի տվյալները և հարկային պարտավորությունների մասին ծանուցումներն ուղրակել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին։
«Խոպանչիները» փակել են Երևան–Մարտունի ճանապարհը
«Պետությանը վճարվելիք հսկայական գումարների մասին այստեղ խոսք չի գնում, այլ ընդամենը հարկման մշակույթի հարց է։ Առաջին անգամ պետք է այս ոլորտում վարչարարություն անեինք, սակայն հիմա մեզ ազդակ է եկել, որ օրենսգրքի որոշ կարգավորումներ վերանայման կարիք ունեն։ Ծանուցումներն ուղարկելիս մենք սպասում էինք, որ կստանանք արձագանքներ, քանի որ առաջին անգամն էինք երևույթի հետ առնչվում»,– նշեց Բադասյանը։
Նա վստահեցրեց, որ արտագնա աշխատանքի մեկնած որևէ անձի հետ կապված որևիցե տույժի կիրառում, մայր գումարի գանձում կամ որևէ այլ գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները չավարտվեն, գան եզրահանգման և դա ներկայացնեն հանրությանը։ Նշենք, որ ՊԵԿ–ը նաև ծանուցել էր, որ բացի եկամտահարկի տարբերության վճարումից, ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներըյուրաքանչյուր չվճարված օրվա համար կտուգանվի 0.04 տոկոսով։
Բադասյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ տուգանքների մասին ծանուցումներ ստացած անձինք պարտավոր չեն լինելու դրանք վճարել` մինչև համապատասխան քննարկումներն ու դրանց արդյունքները չլինեն։
ՀՀ–ից մեկնած «խոպանչիները» լուրջ խնդրի են բախվել. ՊԵԿ–ը նրանցից հարկեր է պահանջում
Հիշեցնենք, որ եթե ՀՀ քաղաքացին ԱՊՀ տարածքում է գտնվել ու աշխատել 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Արդյունքում, քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (այժմ այն 20 տոկոս է,–խմբ.), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմում է 7 տոկոս, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ԱՊՀ երկրներ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ։ Եթե աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է գտնվել ԱՊՀ այլ երկրում, նա այլևս այդ երկրի ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։ ՊԵԿ–ը, ըստ օրենքի, կիրառելու է նաև տույժեր` յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0.04 տոկոսի չափով։