ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատախազի նախաձեռնությամբ փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, և վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։