Երևանը Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը. ԱԽ քարտուղար

Արմեն Գրիգորյան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում կհանդիպեն և կքննարկեն խաղաղության պայմանագիրը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեր` հունվարի 4–ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել։ Եվ կարծում եմ, որ ԱԳ նախարարները կհանդիպեն մոտակա ժամանակաշրջանում` քննարկելու խաղաղության պայմանագիրը»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություն դեռ չկա։
ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ նաև՝ Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպումը երկկողմ ձևաչափով կլինի, թե միջնորդների մասնակցությամբ։
Նրա խոսքով` քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման հարցը։
«Սա պարբերաբար քննարկվող հարց է, բայց վերջնական որոշում չկա։ Աշխատում ենք։ Երբ վերջնական համաձայնություն լինի, կհրապարակենք»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված հոդված. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին