ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 8-ից 10-ը։ Այս մասին հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ օրերին միջազգային ճանաչում ունեցող առաջատար փորձագետները կքննարկեն աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները։ Կհայտարարվի նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիրը։
Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե և Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաև «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր և ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
2024 թ. –ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը (մարդու իրավունքների պաշտպաններ Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (Կոնգո), Նասրին Սոթուդե (Իրան)):
Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի և այլն: