ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի Telegram-յան ալիքում:
«Կենտրոնի տարածքում ավարտվում է անգարային համալիրի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ՌՀՄԱԿ-ի հետագա հնարավորությունները՝ որպես մարդասիրական օգնության առաքման լոգիստիկ հանգույց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը մարդասիրական օգնություն հասցնելն է այն շրջանների բնակչությանը, որոնք հումանիտար աղետի մեջ են կամ կանգնած են դրա եզրին:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 2023 թվականին 23 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Իրանի երկրաշարժից տուժած բնակչությանը: Կենտրոնը մարդասիրական օգնություն է հասցրել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար` ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ է առաքվել Սևան, Գավառ և Մասիս: Նոյեմբերին աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ ՌԴ կառավարության հանձնարարությամբ կազմակերպված 40 տոննա մարդասիրական բեռի առաքման լոգիստիկ խնդիրների լուծման գործում:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը գործում է 2016 թվականի մարտից, կատարում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահոսքերի հետևանքների վերացման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման խնդիրներ: Կենտրոնը տեղակայված է Գետարգել ավանում՝ նախկին ԽՍՀՄ զինված ուժերի կապի բազայի տարածքում։