Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անում

Հավաքվածները կոչ են անում դուրս գալ ու պայքարել հանուն պետականության ու շեշտում են` Արցախի ազատագրական պայքարը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժման ներկայացուցիչներն ու նրանց գաղափարակիցները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Միասին» շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում
Նրանք պնդում են` նախապատրաստել են հիմնավորումներ, բայց դրանցից մեկն էլ բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հանելու համար։
«Նախապատրաստել ենք 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը վերջնական չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա թուրք–ադրբեջանական ռեժիմը և կատարի նրանց պահանջը` կործանելով մեր պետականությունը»,– նշեց հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Միասին» շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է` «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է»։
«Միասին» շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում
Արցախից բռնի տեղահանված, «Արդարություն և վերադարձ» ՀԿ–ի հիմնադիր Արմեն Պետրոսյանն էլ բոլոր արցախցիներին բարբառով կոչ արեց միանալ ու պայքարել։
«Էս շտե՞ղ եք, 120 000–ից էս ենք շտեղ։ Պետք է հավաքվել, միասին։ Պա մունք պռաստոյ մարդիկ չենք, մունք աշխարհի մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չենք, մունք խղճցնող ենք, մունք ստրուկ չենք, մունք տեր ենք։ Մունք Արցախից տեղահանված փախստական չենք, մունք հայ ենք ու այս երկրի տերը»,– նշեց Պետրոսյանը։
«Միասին» շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում
Շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։