ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յուլյա Նավալնին մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել։
«Դրանք լկտի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին, բայց հաշվի առնելով, որ Յուլյա Նավալնին բառացիորեն օրեր առաջ է այրիացել, ես այդ հայտարարությունները կթողնեմ առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Նավալնիի այրու ուղերձին, որում նա ամուսնու սպանության մեջ մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ընդունում նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Նավալնիի մահվան անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը։
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում Նավալնիի հիշատակին ծաղիկներ խոնարհող անձանց ձերբակալություններին, ապա Պեսկովն ասել է, որ իրավապահները կատարում են իրենց գործառույթը, գործում են օրենքին համապատասխան:
Հիշեցնենք` Պատիժների կատարման դաշնային ծառայությունը փետրվարի 16-ին հայտնեց, որ զբոսանքից հետո Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և մահացել: RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ շտապօգնության բրիգադը 9 րոպեում հասել է կանչի վայր և ավելի քան կես ժամ փորձել է վերակենդանացնել Նավալնուն, բայց ապարդյուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
Նշենք, որ Նավալնին կալանավորվել էր այն բանից հետո, երբ «Իվ Ռոշերի» գործով պայմանական պատիժը 2021 թվականին փոխարինվել էր իրական ազատազրկմամբ։