ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հունաստանում կհիմնադրվի հայագիտության ուսումնասիրությունների կենտրոնի։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և ՀՀ դեսպանության միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, որով համալսարանում հիմնադրվում է Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն։ Այդպիսով մեկնարկում է հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Կենտրոնի հիմնմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ նախաձեռնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը պատմական է, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն։ Նա ընդգծել է, որ Դեմոկրիտուս համալսարանը մեծ հետաքրքրություն ունի հայագիտությունը զարգացնելու հարցում։
Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշել է, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են: Նա համոզմունք է հայտնել, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:
Միջոցառմանը հաջորդել է հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը