ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ֆրանսիական դատարանը կալանք է դրել ռուսաստանբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան վրա։ Տեղեկությունը հայտնում է Le Monde-ը:
Պարբերականը գրում է, որ անշարժ գույքը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը պնդում է, որ իրական շահառուն «Գազպրոմի» դուստր կառույցն է՝ «Գազպրոմ նեֆտ» ընկերությունը:
Le Monde-ի տեղեկություններով՝ 120 միլիոն եվրո արժողությամբ խոշոր օբյեկտը գտնվում է Լազուրե ափին գտնվող Ռոքեբրյուն-կապ-Մարտեն կոմունայում։
Շքեղ առանձնատունը բաղկացած է մի քանի հարկանի գլխավոր շենքերից, մոտակայքում կա երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Պարբերականը նշում է, որ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Ֆրանսիայի համար սա ռուսական կապիտալի հետ կապված ունեցվածքի ամենախոշոր կալանքն է։