ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժումը ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է անվստահության գործընթացը սկսել խորհրդարանից։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ինքը, շարժման անդամները, ինչպես նաև հրապարակում հավաքվածները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, բայց դրանից հետո գործողություններ են պետք։
«Մենք առաջարկում ենք, որ անվստահության գործընթացը սկսվի խորհրդարանում։ Այս հանրահավաքից հետո` 1 շաբաթվա ընթացքում, մենք կբանակցենք մյուս քաղաքական ուժերի հետ, կներկայացնենք մեր առաջարկներն ու միասնաբար կգանք և հաշվետու կլինենք ձեր (հանրության,– խմբ.) առջև»,– ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը նշեց նաև, որ ժողովրդի աջակցությամբ պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կազմված կլինի մասնագետներից։
Սարգսյանը վստահ է` միայն այդպես կկարողանան հեռացնել օրվա իշխանությանը։ Նա ընդգծեց` պետք է լինի նոր իշխանության ձևավորում, ոչ թե իշխանափոխություն։
Հավելենք, որ շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։