«Ռոսատոմի» դեմ պատժամիջոցները միջուկային ոլորտը փակուղու առաջ կկանգնեցնեն.ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին. Արխիվային լուսանկար
Ռուսական միջուկային ոլորտից կախվածության նվազումը Եվրոպայի վրա միլիարդներ կնստի, ռուսական ռեսուրսներից անհապաղ անցում կատարելու հնարավորություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Արևմտյան ընկերությունների զգալի մասը հիմնվում է հարստացված ուրանի և միջուկային վառելիքի ռուսական մատակարարումների վրա։ Կոնսենսուս է ձևավորվել, որ «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տա և միաժամանակ կխաթարեն միջուկային էներգետիկայի աշխատանքը շատ երկրներում»,-նշել է Գրոսին։
Նա հավելել է, որ ռուսական միջուկային ճյուղից կախվածության նվազումը Եվրոպայի վրա միլիարդներ կնստի, ռուսական ռեսուրսներից անհապաղ հրաժարվելու հնարավորություն չկա:
Ինչ վերաբերում է ուրանի հարստացման համաշխարհային շուկայում Ռուսաստանի ներկայությանը, ապա, Գրոսիի խոսքով, այն միայն աճել է։
ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում։ Սակայն նման պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։
«Ռոսատոմը» շեշտում է իր հուսալիությունը որպես մատակարար, որը լիարժեք և ժամանակին կատարում է ուրանի արտահանման պայմանագրերով ստանձնած պարտավորությունները և կոչ է անում ատոմային էներգետիկան պաշտպանել աշխարհաքաղաքական տատանումներից և պրոտեկցիոնիզմից: