ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռումինիայի Պլոշետ քաղաքի նախաձեռնած ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադան առցանց ձևաչափով անցկացվել է 2024 թ․ փետրվարի 9-11-ը, մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Վահան Աբրահամյան, Սևակ Եգորյան և Մակար Դիլանյան) և «Քվանտ» վարժարանի (Ալեքս Գրիգորյանը) 10-րդ դասարանի աշակերտները։
«ՀՀ թիմից ոսկե մեդալի է արժանացել Ալեքս Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Աբրահամյանն ու Սևակ Եգորյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Սամվել Աբելյանը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2023 թ.-ին Հայաստանի թիմը InfO(1)CUP միջազգային 7-րդ օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե մեդալի։