ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik.Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա 17 անօդաչու թռչող սարք են ուղարկել, նաև հրետանուց ավելի քան 20 արկ է արձակվել, տուժել է խաղաղ բնակիչ, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում:
Մարզպետի խոսքով` փետրվարի 17-ի ընթացքում գնդակոծվել է չորս սահմանամերձ շրջան։ Ուկրաինացի զինվորականները 28 արկ են արձակել, հարձակումներ են եղել 17 ԱԹՍ-ի օգնությամբ։ Գնդակոծությունների քանակն ամենաշատն է եղել փետրվարի ընթացքում։
«Բելգորոդի մարզում Ժուրավլյովկա գյուղի ուղղությամբ չորս ականանետային արկ է արձակվել, հակառակորդը նաև գրոհել է երկու կվադրակոպտերի և հինգ FPV-դրոնների օգնությամբ։ Շչետինովկա գյուղում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով հակառակորդի ԱԹՍ է իջեցվել: Ուստինկա գյուղի վրա մեկ կամիկաձե դրոն է հարձակվել, Նաումովկա գյուղի վրա` երկու կամիկաձե դրոն»,-գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ Գրայվորոնսկի քաղաքային շրջանում` Բեզիմենո գյուղի ծայրամասում, երկու արկ է ընկել։ Արկերից մեկը պայթել է տրակտորի մոտ, տուժել է վարորդը։ Ներկայում տուժածը հիվանդանոցում է։
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։