14 տարի շարունակ հավատով փորում էր Քասախի կիրճում գտնվող հողատարածքը։ Օհանավանցի այգեգործ Մարատ Հայրապետյանը https://armeniasputnik.am/շատ տարիներ առաջ երազ էր տեսել։ Ասում է՝ Տերը մատնանշել էր այս տարածքը (սեփականությամբ Մարատին պատկանող) ու պատվիրել փորել։ Այդպես տարիներ շարունակ հարևանների, ընկերների, որդիների օգնությամբ Մարատը փորման աշխատանքներ է արել այնտեղ, որտեղ թվում էր, թե քարերից բացի ոչինչ չկա։ Տարիների ընթացքում տարածքից գտել էր կավանոթներ, տարբեր իրեր, որոնք հուշում էին՝ սա դատարկ տեղ չէ։ Գրեթե 18,5 մետր փորել էին, մինչև ի վերջո, արդեն այս տարեսկզբին կառույցի մուտքին հասան։
«Միշտ էլ իմացել եմ, որ մի բան գտնվելու է, մի օր չեմ կասկածել։ Որ գտանք, մտածեցի՝ եկեղեցի է, խաչերն էլ որ տեսա, չէի կարծում, որ դամբարան է»,- պատմում է Մարատը։
Դրանից հետո Մարատը սկսում է որոնել պատասխանատու կառույցների, համապատասխան մարդկանց գտածի մասին պատմելու համար։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն անմիջապես արձագանքում են, գալիս, արձանագրում և դադարեցնում հողափորման աշխատանքները:
Մարատ Հայրապետյանը
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշում է՝ թեպետ Քասախի կիրճը մշակութային հարուստ լանդշաֆտ ունի (կիրճից վերև Սերկևիլի գյուղատեղին է 10-15 դարերին թվագրվող, կա կիկլոպյան ամրոց՝ մ․թ․ա 2-1 հազարամյակներ, տարածքն էլ Սաղմոսավանքի և Հովհանավանքի միջև), բայց այս տարածքում մշակութային ժառանգության առկայության վերաբերյալ հայտնի փաստ երբևէ չի եղել։
«Տարածքը ոչ մի ձևով հայտնի չի եղել ու ֆիքսված չի եղել որպես մշակութային հուշարձան, դեռևս չենք հայտնաբերել որևէ վերգետնյա նշան, որը կարող էր խոսել տեղում այդպիսի համալիր կառույցի մասին»,- ասում է Վանյանը։
Քասախի կիրճը
© Sputnik / Aram Nersesyan
Բացահայտումից հետո այցելել են նաև ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները, հանդիպել են սեփականատիրոջ հետ, պարզաբանել պարտականություններն ու պետության լիազորությունները։
«Իր կողմից փոխանցվել է հայտնաբերված ամբողջ հնագիտական նյութը՝ ձեթաճրագներ, կավանոթներ և այլն, որոնք հիմա վերականգնման փուլում են՝ լաբորատորիայում, չնայած մեծ մասն ամբողջական է։ Սեփականատիրոջ հետ պահպանական պարտավորագիր կկնքվի, որպեսզի հստակ իմանա իր պարտավորությունները, և անպայման դամբարանը կվկայագրվի, նորահայտ հուշարձանի կարգավիճակ կստանա»,- ասում է Հարություն Վանյանը։
Հայտնաբերված միջնադարյան դամբարանը
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա տարածքը սահմանազատվել է, քանի որ քարաթափման վտանգ կա։ Օհանավանցիները ոգևորված են, բացահայտումով հետաքրքրվողները շատ են, նշանակում է՝ գյուղը զբոսաշրջային նոր գրավչություն կունենա։ Մարատ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ թեպետ իր սեփական տարածքում է գտնվածը, բայց սա գյուղի ու երկրի համար է։
Փետրվարի 19-ից տարածքում մեկնարկելու են հրատապ պեղումները։ Թե ինչ է իրենից ներկայացնում այս համալիրը, միայն պեղումներից հետո պարզ կլինի։ Մասնագետներն արդեն տարբեր կարծիքներ են առաջ քաշում։ Մի մասը, դատելով խաչերի տեսքից, պնդում է՝ 5-7-րդ դարերի կառույց է, մյուսներն էլ՝ 12-13-րդ դարեր են մատնանշում։
Փորվածքից հայտնաբերված գտածոները
© Предоставлено Управлением охраны памятников истории и культуры министерства ОНКС
«Հուսով եմ, որ ուսումնասիրությունից հետո ավելի կոնկրետ արդյունքներ կլինեն»,- ասում է Վանյանը։
Դամբարանից նաև 2 թաղում է հայտնաբերվել։ Այս առումով ևս պնդումներ անել չեն շտապում, բայց արդեն կարելի է վարկած առաջ քաշել․ դատելով համալիրի ճարտարապետությունից՝ հավանաբար կարևոր մարդիկ են թաղված եղել։ Մի բան հաստատ է, առաջիկայում զարմացնող բացահայտումներ են լինելու։