ԵՐԵՎԱՆ, Փետրվարի 17 Sputnik. Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք Մուհամետ Կարավուշի,ն 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լավագույնի կոչումը։
Ըստ վիճակահանության` Արսենն իր գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում սկսեց քառորդ եզրափակիչից ու այդ փուլում 10։0 հաշվով հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին` շարժվեց առաջ։ Ու նորից 10։0 հաշվով հաղթանակ` այս դեպքում արդեն կիսաեզրափակիչում` ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։
Եզրափակիչում թուրք ըմբիշը չհասկացավ, թե գոտեմարտը երբ սկսվեց ու երբ ավարտվեց։ Գոտեմարտի մեկնարկից մի րոպե չէր անցել Հարությունյանն արդեն հաղթել էր 10։0 հաշվով։ Ստացվեց Արսեն Հարությունյան – Եվրոպա 30։0։ Գերազանց արդյունք հայ ըմբիշի համար։
Քիչ անց Եվրոպայի չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է Արման Անդրեասյանը, որը մրցակիցը 70 կգ քաշային կարգում լինելու է վրացի Ակակի Կեմերտելիձեն։