Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը համոզված է, որ էկոնոմիկայի նախարարությունում իրեն արժանի փոխարինողներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական չի համարում։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի։
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։
Հետո նա իր հերթին լրագրողներից հետաքրքրվեց` արդյոք նոր նախարար նշանակվել է, թե ոչ։
Հարցին, թե այս պահին միայն դա է իրեն հետաքրքրում, Քերոբյանը դրական պատասխան տվեց։
Լրագրողներից մեկը հարցրեց` նախարարությունում նրան արժանի փոխարինողներ կա՞ն, Քերոբյանը վստահ պատասխանեց. «Այո՛, իհարկե կան»,–ասաց նա։
Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ում է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։
Արձագանքելով լրագրողներին` նախկին նախարարը նշեց, որ հնարավոր թեկնածուներից Գևորգ Պապոյանի (ԱԺ պատգամավոր) մասին շատ լավ կարծիք ունի, իսկ Նարեկ Տերյանի (էկոնոմիկայի փոխնախարար) մասին` ավելի շատ։
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ՔՊ–ում դժգոհ էին Քերոբյանից և նրան յուրային չէին համարում, ախկին նախարարը պատասխանեց, որ ինքը ՔՊ–ում մի շարք ընկերներ ունի։
Նշենք, որ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Քիչ առաջ նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։