ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը և Amazon–ի միջև փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն են հայտնել ավելի ամրապնդել համագործակցությունը։
«Ներկայում ընկերությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկումների և երկխոսության փուլում են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթություններից են»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը մասնակցել է նաև փակ ձևաչափով անցկացով «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
Նշենք, որ պետական թվային ծրագրի կատարման ուշացման պատճառով աշխատանքից ազատվել էր «հայթեքի» նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր գերատեսչությունների համար միասնական, պաշտպանված տվյալների բազա։ Այս նախագծում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտասահմանյան հայտնի ՏՏ ընկերությունների հետ ՝ պայմանով, որ նշված տվյալները պահպանվեն Հայաստանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։
Փաշինյանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։