Սանկտ Պետերբուրգում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ ցուցահանդեսը բացել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Միջոցառումը կազմակերպվել է Էրմիտաժի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակում:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին
Հարությունյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են տալիս ավելի լավ և ավելին իմանալ Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման բնօրրաններից մեկի հնագույն պատմության մասին:
«Այսօր կարելի է հաշված րոպեների ընթացքում խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը, որը կերտվել է արյունով և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ փորձում են փոխել ՝ դիմելով էժանագին գործիքների՝ դրանք ստորադասելով իրենց շահերին», - հայտարարել է Հարությունյանը։
Վաղարշակ Հարությունյանը Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին է հանձնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալ
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Մրցանակը նրան հանձնել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը։