Լեհաստանը ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ կապված «ՌԴ հեռահար ավիացիայի ակտիվության» հետ

F16 կործանիչներ. Արխիվային լուսանկար
Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Լեհաստանն ու դրա դաշնակիցները ինքնաթիռներ են օդ բարձրացրել՝ որպես պատճառ նշելով ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Տեղեկացնում ենք, որ նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռավոր ավիացիայի ինտենսիվ գործունեություն։ Զգուշացնում ենք, որ ակտիվացված է լեհական և միութենական ավիացիան, ինչը կարող է հանգեցնել աղմուկի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան մասում», - նշված է հրամանատարության հաղորդագրության մեջ X-ում (նախկինում Twitter-ում):
Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ լեհական օդային սահմանները խախտվել են անհայտ օբյեկտի կողմից։
Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան պնդել է, որ երկրի օդային տարածքում ռուսական հրթիռ է հայտնվել: Շրջանի զննման արդյունքում, որտեղ նկատվել է Ուկրաինայի կողմից օդային տարածք թռչող հրթիռը, լեհ զինծառայողները վտանգ ներկայացնող ոչինչ չեն հայտնաբերել: