Համաշխարհային կինոն կարող է հնչել հայերեն. Հայաստանում եզակի հարթակ են ստեղծել

Հարթակը ստեղծել են Հակոբյան եղբայրները։ Նրանք բարձր որակի «մթնոլորտային» ձայների մեծ հավաքածու են հավաքել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանում գործարկվել է երկրում առաջին բարձր որակի մթնոլորտային (շրջակա միջավայրի) ձայների Armenian Sound էլեկտրոնային հարթակը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հարթակի համահիմնադիր, հնչյունային ռեժիսոր Արսեն Հակոբյանը։
Արսեն Հակոբյան
Հարթակը ձևավորել են Արսենն ու նրա եղբայրը՝ Տիգրանը, աշխատել են ավելի քան երկու տարի՝ ձայնագրելով պրոֆեսիոնալ տեխնիկայով․ Վարդավառ, հարսանիքներ, եկեղեցու զանգերի ղողանջներ, օրորոցային երգեր․․․
Տիգրան Հակոբյան
«Ոգեշնչվել ենք Հայաստանի բնության և նրա հարուստ մշակույթի հանդեպ սիրուց։ Ես ուզում էի այս յուրահատուկ հնչողությունը կիսել աշխարհի հետ, ցույց տալ, թե ինչպես հնչյունները կարող են փոխանցել տարբեր վայրերի մթնոլորտն ու զգացողությունները»,-ասում է Արսեն Հակոբյանը։
Արսեն Հակոբյանն աշխատանքի ժամանակ
Հարթակի համահիմնադիրը պատմեց, որ յուրաքանչյուր վայր ընտրվել է ըստ առանձնահատուկ ակուստիկ առանձնահատկությունների, ըստ մթնոլորտը փոխանցելու ունակության։ Օրինակ՝ վանքեր, որոնց պատերը ցանկացած ձայնի արձագանք են ստեղծում, կամ լեռներ՝ իրենց վեհաշուք լռությամբ։ Հակոբյանի խոսքով՝ իրենք փորձել են հնչյունների միջոցով պատմություններ պատմել։
Տիգրան Հակոբյանն «Էրեբունի» օդանավակայանում
Եվ այսպես, հնարավոր է, որ մոտ ապագայում տարբեր ֆիլմերում կամ գովազդներում լսենք շրջակայքի ձայներ, որոնք ձայնագրված են Հայաստանի մետրոյում կամ մանկապարտեզում: