«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել

Ընձառյուծի այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տեսախցիկները կրկին ընձառյուծ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է մեր ընձառյուծը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հիշեցնում են, որ այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տեղադրված ֆոտոթակարդները վերջին կովկասյան ընձառյուծին «որսացել» են 2023 թ. հոկտեմբերի 27–ին:
Հիշեցնենք նաև, որ 2023 թ. օգոստոսի 15–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան էին արձանագրել, որում երևում էր, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում ընձառյուծ էր երևացել նաև 2020 թվականի դեկտեմբերին։
Նշենք, որ ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում։