Պաղեստինցիները լքում են Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցը:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ պահանջել էր, որ շրջափակված հիվանդանոցում գտնվող բոլոր անձինք հեռանան շենքից։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ իսրայելցի զինծառայողներն ազատ են արձակել պաղեստինցի գերիներից մեկին, որն էլ հիվանդանոցում գտնվողներին փոխանցել է բժշկական համալիրից անմիջապես դուրս գալու անհրաժեշտության մասին ուղերձը. «ՑԱԽԱԼ–ի զինվորն ինձ ասաց, որ իրենք կոչնչացնեն ամբողջ թաղամասը և հիվանդանոցը, բոլորը պետք է լքեն այն»,– նշել է նա։
Ավելի քան երկու շաբաթ է` իսրայելական բանակը շրջափակել է «Նասեր» հիվանդանոցային համալիրը։ Բուժանձնակազմից բացի, շրջափակման մեջ են հայտնվել ավելի քան 400 հիվանդներ։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։