ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը։
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը բարձրացրել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ Լյուքսեմբուրգ կատարած իր առաջին այցից ուղիղ երկու տարի անց երկու երկրների միջև արդեն ձևավորվել են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն։
«Այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում: Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման և մեր բազմաշերտ համագործակցության արդյունավետ առաջմղման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը նաև հարգանքի դրսևորում է այն արժեքներին, որոնք մենք կիսում ենք, և Լյուքսեմբուրգի կողմից վերջին տարիներին ցուցաբերած կարևոր աջակցությանը»,– ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով` Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկվի նաև Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս:
Միրզոյանը Լյուքսեմբուրգի իր գործընկերներին կոչ է արել միասին աշխատել ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ` նշելով, որ միայնակ շատ քիչ բան կարելի է անել, միասին՝ շատ ավելին: