Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ

Տնտեսական հանձնաժողովի երկօրյա նիստի փակմանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել քաղաքական կապերի հետ զուգահեռ: Թեհրանում մեկնարկած Իրանի և Հայաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստում այս մասին ասել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության (PBO) միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մասուդ Միրզաեին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Թեհրանի և Երեւանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և մենք կարծում ենք, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել քաղաքական կապերի հետ զուգահեռ»,– հայտարարել է Միրզաեին:
Նա ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել ՀՀ հետ բոլոր ոլորտներում առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար:
Նշվում է, որ երկօրյա հանձնաժողովի 18–րդ նիստին մասնակցում են երկու երկրների առևտրատնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայկական կողմից մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Դարբինյանը:
Դարբինյանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում:
Թեհրանում մեկնարկած համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 15–ին փոխնախագահ և պլանաբյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ: