ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նագագիծը ներառված է ՀՀ կառավարության` փետրվարի 15–ի նիստի օրակարգում։
«Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կհատկացնի 2 մլն 300 համար եվրոյին համարժեք դրամ: Սա նախատեսված գումարի կանխավճարն է՝ ընդհանուր գումարի 10 %–ը։ Գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16–րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։
«Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը»,– նշում են կառավարությունից:
Շենքի գնման ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։
Ի դեպ, գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7.5%-ի չափով, որից 6.4%-ը հանրային նշանակության շենքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական տուրքի չափն է, իսկ 1.1%-ը՝ նոտարական ծառայությունների վճարը։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: