ԵԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու հարցը դեռ չի քննարկվել, բայց «օդում կախված է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Արդյոք մեր դաշնակիցները կհետևեն մեզ։ Դա այլ հարց է: Այստեղ նրանց դիրքորոշումը պետք է լիարժեք հաշվի առնել», -ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում կառավարության ժամի շրջանակներում։
Նա նաև վրդովեցուցիչ է համարել ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելու` Արևմուտքի փորձերը:
«Նախ փորձում են մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, մինչ այդ էլ հրաժարվում էին վիզաներ տրամադրել, երբ խորհրդարանական վեհաժողովը նիստ էր անում Վիեննայից դուրս, որը ԵԱՀԿ կենտրոնակայանն է։ Ո՛չ Մեծ Բրիտանիայի վիզա տվեցին, ո՛չ էլ այլ ուղղությունների համար։ Դա վիրավորական է։ Եթե դու ստանձնել ես միջազգային կազմակերպության միջազգային կոնֆերանսի անցկացումը, որին մասնակցում է այս կամ այն երկիրը, ապա պարտավոր ես բոլորին վիզաներ տրամադրել»,-ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ Արևմուտքը «բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ է մղում արտաբյուջետային նախագծերը, որոնք որևէ կերպ կանոնակարգված չեն»: Այդ նախագծերի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել ԵԱՀԿ-ի բյուջեն, և դրանք ուղղված են Ռուսաստանի դեմ։