ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը վստահեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության բացահայտումը ոչ թե իր հետ կապ ունի, այլ «հների»։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրել է «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը և պարզել, որ «Հրազդան» մարզահամալիրն օտարվել է շուկայականից անհամեմատ՝ մոտ 200 անգամ ցածր գնով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Աղաբաբյանի հավաստիացմամբ` իրականում դատախազությունն իր հետ չպետք է գործ ունենար. ինչ գնով պետությունը վաճառել է, նույն գնով ինքն առել է։
«Մարզահամալիրում ես երկու անգամ ներդրում եմ իրականացրել։ Առաջին ներդրումային ծրագիրս արժեցել է 3,5 – 4 մլն դոլար, իսկ 2–րդ ներդրումս, որն առաջինից ավելի էր, արել ենք ՀՀ–ում տեղի ունեցած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, որպեսզի այն կայանա։ Հետո Սերժ Սարգսյանը (ՀՀ 3–րդ նախագահ. խմբ.) և Ռուբեն Հայրապետյանը (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` այդ տարիների նախագահ. խմբ.) եկան ու ասացին, որ ուզում են գնել մարզադաշտը։ Այդ ժամանակ մարզադաշտը գնահատված էր 28–30 մլն դոլար, թեև շուկայական գինն ավելի բարձր է եղել։ Մենք ասացինք, որ մեկ ուրիշին ուզում ենք 30 մլն դոլարով վաճառել, սակայն քանի որ երկրի նախագահն ու ՀՖՖ նախագահն են ուզում գնել, ապա այն կվաճառենք 15 մլն դոլարով»,– նշեց Աղաբաբյանը։
Նա պատմեց, որ սկզբում ինքը եղել է մարզադաշտի տնօրեն, հետո այնտեղ սկսել է ձևավորվել հագուստի տոնավաճառը, որտեղ 50–60 մարդ էր աշխատում։
«Երբ ես վերցրի մարզադաշտի տնօրինությունը, մեր եկամուտներն ավելացան` ամսական միայն 40 մլն դոլար հարկ էինք վճարում, խոշոր հարկատուների ցանկում ենք եղել։ Այդ տարիներին սկսեցին մարզադաշտի վերականգնումը։ Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղի համար բանկից 4,5–5 մլն դոլար վարկ վերցրեցինք ու մարզադաշտը պատրաստեցինք խաղին։ Մինչև հիմա այդ վարկը դեռ չենք փակել»,– նշեց Աղաբաբյանը։
Նրա խոսքով` մարզահամալիրի վիճակը սկսեց վատթարանալ, երբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Գագիկ Խաչատրյանը, ու նրա օգնությամբ մարզադաշտում ձևավորված տոնավաճառը «վերցրին իր ձեռքից»։
«Մենք մնացինք զրո և հազիվ էինք մարզադաշտը պահում հարակից տարածքների վարձակալությունից գոյացած գումարների հաշվին։ 6 անգամ գողություն է եղել մարզադաշտում, բայց իրավապահների կողմից ոչ մի տեղաշարժ չի եղել: Չեմ հասկանում` ինչ են ուզում հիմա ինձնից։ Ես գիտեմ, որ այդ ամենն ինձ հետ կապված չէ, այլ կապված է «հների» հետ»,– ասաց Աղաբաբյանը։
Նրա խոսքով` վերջին անգամ մարզադաշտում 50 Cent–ն է համերգ տվել, գոյացած գումարները ծախսվել են մարզադաշտի վերականգնման վրա։
«Մարզադաշտում կանաչ ծածկը կա, թեթև ատլետիկայի դպրոցն այստեղ պարապմունքներ է իրականացնում։ Ինչ ներդրումներ արել ենք, բոլոր փաստաթղթերը կան։ Ես ուրախ կլինեմ, որ պետությունն ինձնից գնի մարզահամալիրը, այլ ոչ թե «վերցնի» ձեռքիցս»,– ընդգծեց նա։
«Արդյոք վաղեմության ժամկետի հարց այստեղ չի՞ առաջանում» հարցին Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց, որ ինքն էլ այդպիսի կասկածներն ունի, սակայն դա պարզելու համար պետք է փաստաբան վարձի, մինչդեռ բոլոր փաստաբանները փող արժեն, իսկ իրենք գումար չունեն փաստաբան վարձելու համար։