15 անձ վարակվել է սալմոնելայով. «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

ՍԱՏՄ–ի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ջուլիս» հանրային սննդի կետում սնված այցելուներից 12–ի և աշխատակիցներից 3–ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: Հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Փետրվարի 8-ին առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:
Նույն օրը բացված ստուգման հրամանի հիման վրա ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը» ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Սալմոնելա, խախտումներ. «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի գործունեությունը կասեցվել է
«Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելա խմբի մանրէների ԴՆԹ:
Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է:
Սալմոնելա, ստաֆիլակոկ․ «Բուրգըրի»-ում թունավորման պատճառը հայտնի է