ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է։ Այս հայտարարությունը տարածել են ընկերության ներկայացուցիչների փաստաբանները` նշելով, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը։
«Այս առարկայազուրկ գործի շրջանակներում մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», - նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։
Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։