ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով, դատարանը մերժեց նրա խափանման միջոցը փոխելու երաշխավորությունները։
Երաշխավորագրեր էին ներկայացրել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը, արձակագիր Գուրգեն Խանջյանը, Լևոն Ջավախյանը, բանաստեղծ Հուսիկ Արան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և «24 news»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը։
«Դուք ունեք հեղինակավոր երաշխավորներ, որը ձեզ հանգիստ թույլ կտա կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Ըստ իս` որևէ խափանման միջոցի կարիք առհասարակ չի եղել այս գործում ի սկզբանե։ Խնդրում եմ չերկարացնել և ազատ արձակել իմ պաշտպանյալին»,– ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Իսկ Մալյանն իր խոսքում նշեց, որ երաշխավորներն իր համար չափազանց կարևոր և հեղինակավոր մարդիկ են, նրանց հեղինակությունը պարտավորեցնող է։
«Այլևս հանցանք չեմ կատարի»,–ասաց նա։
Դատախազը, ներողություն խնդրելով երաշխավորներից, առարկեց երաշխավորության դեմ, քանի որ, ըստ նրա, երաշխավորությունը կարող է հետևանք ունենալ արդարադատության իրականացման գործում։
Դատավոր Սուսաննա Գզոգյանը, լսելով կողմերին, որոշեց մերժել երաշխավորությունները։ Նրա խոսքով` դատական նիստերի ընթացքում Նարեկ Մալյանը հնչեցնում է արտահայտություններ, որոնք դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ մնալով ազատության մեջ` նա կկատարի հնարավոր հանցավոր նոր արարք։
«Ամենայն հարգանքով մոտենալով երաշխավորներին, շատ հարգում եմ ձեր երաշխավորությունները, բայց գտնում եմ, որ պետք է երկարաձգվի կալանավորումը ևս երեկու ամսով»,–ասաց դատավորը։
Դատարանը հետաձգեց դատական նիստը` նշանակելով փետրվարի 16–ին։
Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։
Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։ Մեղադրվում է ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։